ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ - Տ. Իսահակ վարդապետ Պողոսյան
11-03-2017

Մեծ Պահքի Գ կիրակին, օրվա ավետարանական ընթերցվածի անունով, կոչվում է Անառակի: Պետք է նկատել, որ Ավետարանում տեղ գտած առակներից յուրաքանչյուրը բավական ինքնատիպ ու ազնվացնող, ուսուցանող պատմություն է: Սակայն միաժամանակ դրանցից մի քանիսն իրենց խորությամբ և ինքնատիպությամբ իրավամբ կարող են համարվել ,,ավետարաններ,, Ավետարանի մեջ: Այսօրինակ ավետարաններից մեկն էլ Անառակի մասին առակն է, որ դրված է Մեծ Պահքի Գ կիրակիի հիմքում: Պատմությունն իր սկզբունքով գալիս է հիշեցնելու, որ այլևս Նոր Կտակարան խորհուրդի մեջ ենք: Անառակի կիրակին, ներառելով նախորդ կիրակիների խորհուրդները, իր բովանդակությամբ մի տեսակ կամուրջ է հանդիսանում նախորդ կիրակիների և եկողների միջև: Երբ Յիսուս լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ` հիւանդներին. եւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ` մեղաւորներին» /Մարկոս Բ 17/: )։ «Ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ» (Հովհ. 14:17), «Նա խաղաղություն պիտի բերի մարդկանց ու ազգերին» (Զաք. 9:10): Առաջին հայացքից առակը պարզ, առօրեական մի պատմություն է հիշեցնում, ընտանեկան վիճակ: «Մի մարդ երկու որդի ունէր. նրանցից կրտսերը հօրն ասաց. «Հա՛յր, տո՛ւր քո ունեցուածքից ինձ ընկնող բաժինը»։ /Ղուկ. Բ ժա ժբ/: Ապա տեսնում ենք, թե ինչպես է հայրական տնից հեռանալը / որ այլաբական իմաստով Աստծուց հեռանալն է խորհրդանշում/, անդրադառնում զավակի վրա: ,,․․․Եւ երբ ամէն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղաւ, եւ նա սկսեց չքաւոր դառնալ,,։ Ամենայն հստակությամբ պարզ է դառնում, որ առանց օրհնության չկա և հաջողելու ճանապարհ: Այլ խոսքով` երբ չկա օրհնություն, անկարելի է երջանկություն ճաշակել: Այդ է վկայում վերոբերյալ աստվածաշնչյան համարը: ինչպես նաև հետաքրքրաշարժ է և այն իրողությունը, որ բավական փորձառություն /այդ թվում` հոգևոր փորձառություն/ չունեցող մեկը դժվար թե ընդունակ լինի ըստ արժանվույն գնահատելու իր ունեցածը: Հետևապես դատապարտված է սպառելու, ոչ թե հավելելու, այլ պակասեցնելու և անգամ իսպառ կորցնելու: Այնուհետև, ինչպես ներկայացնում է առակը, երկրում սաստիկ սով է լինում: Փոխաբերական իմաստով սա կարող է նշանակել մարդու տերևաթափ, ընկած, անհուսության հասնող վիճակը: ,,Եւ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս,,։ Եվ ահա, վերջինս գուցե ստիպված, բայց տեսանելի է, որ ավելի զղջման անդրադարձով /հա՛յր, մեղանչեցի երկնքի հանդեպ ու քո առաջ/, հանկարծ անդրադառնում է. ,,Վեր կենամ գնամ իմ հօր մօտ եւ նրան ասեմ. ,,հա՛յր, մեղանչեցի երկնքի առաջ ու քո հանդեպ եւ այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու, ինձ վերցրո՛ւ իբրեւ քո աշխատաւորներից մէկը»։ Սա միանշանակորեն արդեն ցույց է տալիս, թե որպիսի ապրումներ, ինչպիսի /հոգևոր/ փորձառություն ունի անձը: Այլևս կյանքը վերարժևորված է: Մենք ոչ մի կերպ չենք տեսնում ոչ այն մարդուն, որ ունեցվածք էր ակնկալում և ոչ էլ այն մարդուն, որ տառապում էր անհուսությամբ: Եվ երբ վերադառնում է, հայրը ընդառաջ է գնում, զգեստներ է հագցնում, մորթում է պարարտ եզը /այս արտահայտությունները կոչված են տեսանելի կերպով արտահայտելու Աստծո սերը մարդու նկատմամբ /և ուրախանում է: « Խնդրեցէ°ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ. որովհետեւ, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ կը բացուի: Ձեզնից ո°վ է այն մարդը, որից իր որդին եթէ հաց ուզի, միթէ քա°ր կը տայ նրան. եւ կամ եթէ ձուկ ուզի, միթէ օ°ձ կը տայ նրան: Արդ, եթէ դուք, որ չար էք, գիտէք ձեր որդիներին բարի պարգեւներ տալ, որքա¯ն եւս առաւել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կը տայ նրանց, որ նրանից ուզում են»/ Մատթ․ Է 7-11/ : «Ձեզմէ ո՞վ է այն մարդը, որ եթէ ունենայ հարիւր ոչխար ու կորսնցնէ անոնցմէ մէկը, չի ձգեր իննսունինը անապատին մէջ եւ երթար այդ կորսուածին ետեւէն, մինչեւ որ գտնէ զայն: Ու երբ գտնէ, ուրախանալով կը դնէ զայն իր ուսերուն վրայ, եւ տուն գալով՝ կը հրաւիրէ բարեկամներն ու դրացիները, եւ կ՚ըսէ անոնց. “Ուրախացէ՛ք ինծի հետ, որովհետեւ գտայ կորսուած ոչխարս”: Կը յայտարարեմ ձեզի թէ ա՛յսպէս ուրախութիւն պիտի ըլլայ երկինքը մէ՛կ մեղաւորի համար՝ որ կ՚ապաշխարէ, քան իննսունինը արդարներու համար՝ որոնց ապաշխարութիւն պէտք չէ»:/ Ղուկ․ 15. 4-7/: Հետայնու առակից տեղեկանում ենք, թե ինչպես մյուս որդին տուն գալով և իմանալով եղածը, ինքն է բռնում անհուսության ճանապարհը. <<բարկացաւ եւ չէր ուզում ներս մտնել. իսկ հայրը դուրս ելնելով՝ աղաչում էր նրան>>: Ապա պատասխանելով որդու հարցադրմանը` թե այսքան ժամանակ քեզ հետ եմ և ինձ մի փոքրիկ կենդանի չշնորհեցիր, որպեսզի ընկերներիս հետ վայելեմ, հայրը հորդորում է. «Որդեա՛կ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամէն ինչ, որ իմն է, քոնն է. բայց պէտք էր ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց»։ Առակը նախ ցուցանում է, որ այլևս ամեն բան առջևում է․ անցել է փորձության պահը և եկել է հաշտության, գիտակցելու վայրկյանը։ Դրա մասին է խոսում ,,պէտք էր ուրախ լինել,, արտահայտությունը։ Ապա պատումը մտածել է տալիս, որ հաճախ մենք ի վիճակի չենք գնահատելու այն առավելությունները, որոնք չենք վաստակել, բայց որպիսիք որպես շնորհ տրված են մեզ: Իսկ նրանք, որ մեկ անգամ գայթել են և ամբողջական զղջում են ապրել, այլևս անշրջանցելի կերպով կարող են ունենալ անհրաժեշտ գիտակցությունը, ինչպես որ մի առիթով Աստվածաշնչից տեղեկանում ենք առաջինների ու վերջինների կարգավիճակների յուրօրինակ տեղափոխության մասին: Հարևնման նախածնողներին, եղբայրներից մեկը գայթեց, բայց ի տարբերություն վերջիններիս, ապաշխարեց և պատասխան վերաբերմունքը չուշացավ: Իսկ մյուս եղբայրն ընկավ գայթակղության մեջ և և առակը մինչև վերջ չի պարզաբանում, թե կարողացավ արդյոք մյուս եղբայրն իր անդրադարձը վերածել կենդանի ապրումի: Թեև ավելի ենթադրելի է, որ կարողացավ: Այսուամենայնիվ, սա յուրաքանչյուր մարդու պատմության խորհրդաբանական արտահայտությունն է՝ իր վերելքներով ու վայրէջքներով։ Կարելի է արձանագրել, որ առակը մի դեպքում անձնական ուսանելի օրինակ է, մի դեպքում` ընդհանրական պատմություն, որը կոչված է ապահովագրելու մարդկանց վերահաս փորձություններից, մի դեպքում՝ հոգևոր խորհրդատվության յուրօրինակ ձեռնակ՝ մարդկային ամենատարբեր հարթություններում և մարդ-Աստված հարաբերության ճանապարհին: Ինչպես նաև չափազանց իրնքնատիպ է առակի խորհրդաբանությունը: Ամեն պարագայում Անառակ որդու պատմությունը Ավետարանի ամենաբազմաժանր առակներից մեկն է, որ ունի թե ուղիղ-ուղղակի և թե վերացարկված-փոխաբերական իմաստ, թե եզակի-անձնական, և թե բազմակի իմաստ և հավակնում է տարածվելու առանց բացառության հանրության բոլոր շերտերի վրա՝ բոլոր մակարդակներով: Սխալված պիտի չլինենք, եթե ամրագրենք, որ ներկա աշխարհում կյանքն ընթանում է մի շարք չարաշահումներով՝ ժամանակի ու միջոցների շարունակական վատնումներ, վատնումներ Ֆիզիկական և հոգևոր բնագավառներում, անհամերաշխություններ ու պատերազմներ, որոնք ուղղակիորեն քայքայում ու զեղծում են մարդու աստվածային նկարագիրը։ «Դուք ... որ մարդկանց առաջ ձեզ արդար եք ձևացնում... սակայն Աստված ձեր սրտերը գիտե. որովհետև այն, որ մարդկանց առաջ բարձր է, Աստծու առաջ զազրելի է» (Ղուկ. 16:15/ : Փոխանակ սիրով լրացնելու մեր կյանքի տարրակարծություններն ու փորձության վայրկյանները, որպեսզի դրանք դառնան հաճելի փորձառություն և ոչ թե հիրավի փորձանք, մարդկությունը լծված է ընտանեկան, կուսակցական ու զանազան բնագավառներում ամենատարբեր վատնումների: փոխանակ գործակցելու, խանգարում ու դժգոհում ենք իրարից, մոռանալով, որ լույսն ու խավարը հակադիր հարթություններում են և որ հակառակությունն ու անմիաբանությունը չարի գործիքներն են : Ժամանակի սխալ տնօրինումը, մանուկների ու երիտասարդների համապատասխան դաստիարակության բացակայությունը, մշակույթի հարևանցումն ու ամեն տեղ սեփական շահը փնտրելը մեզ ավելիով հեռացնում է Աստծուց ու մեր աստվածային պատկերից: Հաճախ նույնիսկ գիտակցաբար, բայց մենք երևույթի կամ որոշման նպատակն ու իրական պատճառները չգիտակցելով հանդերձ, փորձում ենք գնահատականներ տալ: Այնինչ, փոքր ինչ համբերելու պարագայում, բոլոր իրերի գնահատականը ժամանակն արդեն տալիս է: Մենք հոգևոր ուրախություն ենք ապրում, երբ ժամանակի ընթացքում համոզվում ենք մեր ունեցած պատկերացումների մեջ: Ավելի մեծ է լինում այդ ուրախությունը, երբ հանկարծ հայտնաբերում ենք, որ մեր ունեցած պատկերացումը իրականության հետ առնչություն չունի. որ իրականությունը բոլորովին այլ է և շատ ավելի օրինակելի, քան մեր ունեցած սուբեկտիվ կարծիքը: Պատահում է և այնպես, որ մենք այնքան ենք հեռանում իրողություններից ու ճշմարտությունից, որ այլևս չենք ուզում կամ չենք կարողանում իրականությունն ընդունել: Սակայն ամեն մի ծանրակշիռ ճշմարտություն ընկալելու համար էլ բավականաչափ քաջություն է հարկավոր և ձգտում ուսանելու այն ամենը, ինչը հազարամյակներ շարունակ փոխանցում է Աստվածաշունչ մատյանը: Այդ թվում և այն, որ օրենքի և ամեն բանի լրումը սերն է: