ՄԵԾ ՊԱՀՔԻ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Սեր - Տ. Իսահակ վարդապետ Պողոսյան
14-03-2017
«Եթե սիրեք միայն նրանց, որ ձեզ են սիրում, ձեր վարձն ի՞ նչ է ...» (Մտթ. Ե 46):
 
Սերն ամենից կատարյալ դրսևորումն է: Շատ ճանապարհներով ու բազմաթիվ կերպերով է «սերն» ի հայտ գալիս և պտղաբերում, և սակայն «սիրո» ամենախորը, ամենակատարյալ երևումներից մեկը ողորմությունն է, մանավանդ գաղտնաբար ողորմությունը: Այլ խոսքով` որքան գեղեցիկ, զարմացնող, գոտևորող և առինքնող, այնքան կատարյալ:Այս դեպքում խոսքը նա'և որքան բանական, նույնքան էլ բնական, ներքին պահանջմունքի մասին է:
 
Մի երևույթ, զգացողություն ու հավասարապես իրողություն, որ հնարավորություն է ընձեռում փոքրիշատե գաղափար կազմելու, թե ինչպես Աստված սիրեց մարդուն և ինչու այլ կերպ լինել չէր կարող: Ահավասիկ ա'յս սիրո ծնունդ և ածանցում են մարդկության մեջ գոյավորվող բոլոր ազնիվ զգացմունքները` բոլոր մակարդակներով:
 
«Երանի որ հեզ են, խոնարհ, ողորմած, խաղաղարար և վայ նրան որ ...» (Հմմտ. Մտթ. Ե 3 - Զ 8):
 
«Սիրուց» բխող բանական ու բնական մեկ այլ արտահայտությունն էլ ներողամտությունն է (որովհետև չկա չարից մեկուսանալու այլ ուղիղ ու անմիջական միջոց), որ աղոթքի և ծոմապահության միջոցով լուսավոր է պահում մարմնի ճրագը, նախախնամորեն ուղեկցում ծառայելու մեկ տիրոջ և «գանձեր դիզելու» երկնքում: Եթե դուք մարդկանց ներեք ... ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների (Տե'ս, Մտթ. Զ 14):
 
Տ. Իսահակ վարդապետ Պողոսյան
 
Առաջնորդ Բուլղարահայոց թեմի