ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ - Տ. Իսահակ վարդապետ Պողոսյան
18-03-2017

,,Ա՛ն որ ամենափոքր բանին մէջ հաւատարիմ է՝ շատին մէջ ալ հաւատարիմ կ՚ըլլայ,

եւ ա՛ն որ ամենափոքրին մէջ անիրաւ է՝ շատին մէջ ալ անիրաւ կ՚ըլլայ » (Ղուկաս 16։10) :

Նախորդ կիրակիի բովանդակության մեջ արդեն տեսանք, թե ինչպես մի առանձին շեշտադրությամբ մեր ուշադրությանն է ներկայացվում ունեցվածքի և ունեցածի մսխումը: Այս դեպքում, դրամի օրինակով, կրկին պիտի նկատենք անդրադարձ ինչպես մսխումին մասնավորաբար, այնպես էլ ունեցածը տնօրինելու կերպերին ընդհանրապես <<Անիրաւ մամոնայէն ձեզի բարեկամներ շինեցէք, որպէսզի երբ այդ պակսի՝ յաւիտենական յարկերուն մէջ ընդունին ձեզ» (Ղուկաս 16։9), մարդկային մի շարք մտածումների ու մոտեցումների, որոնք հերթական անգամ մեզ մտորելու առիթ են ընծայում : ,,Ո՛չ մէկ ծառայ կրնայ ծառայել երկու տիրոջ. որովհետեւ կա՛մ մէկը պիտի ատէ եւ միւսը սիրէ, կա՛մ մէկուն պիտի յարի՝ ու միւսը արհամարհէ: Չէք կրնար ծառայել Աստուծոյ եւ մամոնային» (Ղուկաս 16։13) :

Մեծ պահքի հաջորդ կիրակին Տնտեսի կիրակին է, որ ժամանակի ընթացքում, հատկապես արևելքում, կրոնական գրականության մեջ առավել հայտնի է Անիրավ տնտեսի կիրակի անունով: Առաջին հայացքից առակը ներկայացնում է մարդկային հարաբերությունների համայնապատկեր, աշխատանքային վարվելակերպ, ավելի աշխարհային անցուդարձ, որտեղ նկարագրվում են գործատուի և ծառայողի փոխադարձ մոտեցումները: Սակայն պատմությունը կոչված է գնալու շատ ավելի հեռուն՝ մարդկային սկզբունքների խորհքերը, միտում ունի բացահայտելու, վերհանելու և ցույց տալու մարդու մեջ ներամփոփված բովանդակ բարին, լավն ու գեղեցիկը, մարդկային բնության առանձնահատկությունները: Եվ այնտեղ, որտեղ թվում է թե ընդհանրապես չի կարող լինել աշխարհիկից զատ այլ մի ապրում, հանկարծ բացահայտվում է հոգևոր հսկայական մի դաշտ: Եվ համապատասխան անդրադարձի դեպքում, սրբագրելով մոտեցումները, միևնույն մարդը իրեն համար անակնկալ հանկարծ կարող է տեսնել սեփական անձն ու շրջապատող աշխարհը բոլորովին այլ ելակետից: Ասվածի լավագույն վկայություններից է, ինչպես Քրիստոսի և Նրա աջում խաչված ավազակի պատմությունը, երբ վերջինս ամենքի և իրեն համար հանկարծակի սկսեց խորհել կյանքի, արդարության ու հոգու փրկության վրա (Մարկ. ԺԲ 34), այնպես էլ Տնտեսի առակը մասնավորապես: Այս մասին է խոսում նաև Սուրբ Գրքի մեկ այլ հայտնի երկխոսություն․ ,,Մի իշխանավոր նրան հարցրեց և ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ Հիսուսը նրան ասաց. «Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում. ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստված։ Պատվիրանները գիտես՝ մի՛շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, մեծարի՛ր քո հորը ևմորը»։ Եվ նա ասաց. «Այդ բոլորը պահել եմ իմ մանկությունից»։ Երբ Հիսուսն այս լսեց, ասաց նրան. «Դեռ մի բան պակաս է քեզ. ինչ որ ունես, վաճառի՛ր ու տո՛ւր աղքատներին և երկնքում գանձեր կունենաս, և արի՛ իմ հետևից»։ Երբ նա լսեց այս, տրտմեց, որովհետև չափազանց հարուստ էր։ Երբ Հիսուսը նրան տրտմած տեսավ, ասաց. «Ինչքա՜ն դժվարությամբ Աստծու արքայությունը կմտնեն նրանք, որոնք հարստություն ունեն։ Ավելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թե մի մեծահարուստ Աստծու արքայությունը մտնի»։ Եվ նրանք, որ լսեցին, ասացին. «Իսկ ո՞վ կարող է փրկվել»։ Նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարավոր է»։Պետրոսն ասաց. «Ահա մենք մեր ամեն ինչը թողեցինք և եկանք քո հետևից»։ Եվ Հիսուսն ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկա մեկը, որ թողած լինի տունը, կամ ծնողներին, կամ եղբայրներին, կամ կնոջը, կամ զավակներին՝ Աստծու արքայության համար, և այս ներկա ժամանակում բազմապատիկ չստանա ու հավիտենական կյանքը չժառանգի գալիք աշխարհում» (Մտթ. 19.16-30, Մրկ. 10.17-31)։

«Հարուստ մարդ մը կար՝ որ տնտես մը ունէր. ասիկա ամբաստանուեցաւ անոր առջեւ՝ որպէս թէ կը փճացնէ անոր ինչքը: Ուստի կանչեց զայն եւ ըսաւ անոր. “Այս ի՞նչ է՝ որ քու մասիդ կը լսեմ.տնտեսութեանդ հաշի՛ւը տուր, որովհետեւ ա՛լ չես կրնար տնտես ըլլալ”: Տնտեսը ըսաւ ինքնիրեն. “Ի՞նչ ընեմ, որովհետեւ տէրս տնտեսութիւնը կ՚առնէ ինձմէ. չեմ կրնար հողագործ ըլլալ՝՝, կ՚ամչնամ մուրալ: Գիտե՛մ ինչ պիտի ընեմ, որպէսզի երբ հեռացուիմ իմ տնտեսութենէս՝ ընդունին զիս իրենց տունը: Եւ իրեն կանչելով իր տիրոջ պարտապաններէն իւրաքանչիւրը, ըսաւ առաջինին. “Դուն ո՞րչափ կը պարտիս իմ տիրոջս”: Ան ալ ըսաւ. “Հարիւր մար ձէթ”: Ըսաւ անոր. “Ա՛ռ մուրհակդ, ու շուտո՛վ նստէ՝ «յիսո՛ւն» գրէ”: Յետոյ ըսաւ միւսին. “Դո՛ւն ո՞րչափ կը պարտիս”: Ան ալ ըսաւ. “Հարիւր քոռ ցորեն”: Ըսաւ անոր. “Ա՛ռ մուրհակդ եւ «ութսո՛ւն» գրէ”: Տէրը գովեց անիրաւ տնտեսը՝ որ ուշիմութեամբ վարուեցաւ. որովհետեւ այս աշխարհի որդիները աւելի՛ուշիմ են իրենց սերունդին մէջ՝ քան լոյսի որդիները:

Ի սկզբանէ Ավետարանը նշում է, որ տնտեսն ամբաստանվեց և չի մանրամասնում, թե որքանով էր պատճառաբանված ամբաստանությունը: Ամբաստանության իրական հիմք ունենելու մասին միայն կարելի է ենթադրել տնտեսի հետագա գործողություններից: Թեպետև տերը գովեց տնտեսի իմաստությունը, սակայն ոչ տնտեսին կամ ոչ թե ազնիվ վարքի համար: Այլապես կարող էր նրան և ծառայությունից չազատել: Հետևապես սա բոլորովին էլ չի նշանակում, թե արդարացրեց վերջինիս գործողությունները: Այս է պատճառը, որ տնտեսը հաճախ բնորոշվում է ,,անիրավ,, մակդիրով: Քանի որ տեղին լիներ ամբաստանությունը, թե չարախոսություն, եթե մի պահ վերանանք առակի այլաբանական իմաստից, միևնույնն է, երբևէ չի կարելի արդարացնել տնտեսի նման վարմունքը: Ընդհակառակը, առակը կոչված է սովորեցնելու, որ այն չակերտավոր իմաստությունը, պակասավոր արդարությունը և խորամանկությանը հարող խելացի վարվելակերպն ու նախանձախնդրությունը, որ մարդը պատրաստակամ է դրսևորելու բացառապես աշխարհիկ մտածողության ու հարաբերությունների մեջ, նույնպիսի նախանձախնդրությամբ ու կատարյալին նպատակաուղղված առաքինություններով մենք կառուցենք մեր կյանքը, ամրացնելով՝ մեր կյանքի հոգևոր հենքը: Եվ այս ճանապարհին անգամ դրամը, որն ինքնին հաճախ գայթակղության է մղում մարդուն, ավելի շուտ դրամի ճիշտ տնօրինումը ևս միջոց է բարիք անելու, գանձեր դիզելու երկնում: Այլ խոսքով, եթե այն նպատակաուղղված չէ բարի նպատակի (հայրենիքի ու ընտանիքի ապահովություն, անձի պաշտպանություն, ողորմություն, բարեգործություն, բարոյականի հաստատագրություն և այլն), ապա մեծ է գայթակղությունը, որ կարող է մսխվել կամ ի չարս օգտագործվել: Ինչն էլ իր հերթին կարող է ծնել ամբարտավանություն, չարություն, ագահություն, բաժանում, մի խոսքով այն ամենը, ինչն ուղղակի կամ անուղղակի խոչընդոտում է մարդու ամբողջական ու իրական երջանկությանը: Այսպես է նաև մարդուն տրված այլ հնարավորությունների պարագայում: Չէ, որ Տերն ուղղակիորեն պատգամում է․,,Քանի որ իմ զավակների համար արեցիք, ինձ արեցիք,, /Հմմտ․Մատթ․ԻԵ 35-39/: Պատահական չէ Հակոբոս առաքյալի և եկեղեցական այլ հայրերի նկատումը, թե՝ ողորմությունը վերջին դատաստանի ժամանակ բարձրագլուխ պարծենալու է : Պատահական չէ նաև Ավետարանչի մեջբերումը․ ,,Փարիսեցիներն ալ՝ որոնք արծաթասէր էին, այս բոլոր բաները լսելով՝ կը քամահրէին զայն: Եւ ըսաւ անոնց. «Դո՛ւք էք որ մարդոց առջեւ կ՚արդարացնէք դուք ձեզ, բայց Աստուած գիտէ՛ ձեր սիրտերը. որովհետեւ մարդոց մէջ բարձր գնահատուածը՝ գարշելի է Աստուծոյ առջեւ,, /Ղուկ․ԺԶ 14-16/: Մարդուն մշտապես ու ամբողջական սիրով վերաբերվող կատարյալն Աստված միանգամայն տեսանելի կերպով ցույց է տալիս ու սովորեցնում է, որ երեսպաշտությունը, կեղծավորությունն ու ցուցամոլությունը և սրանց նման արատները չեն կարող ու տեղ չունեն առաքինությունների, աղոթքի ու ողորմության կողքին, մարդ-Աստված հարաբերությունների մեջ: Լավ տնտեսն Աստված փնտրող մարդն է, ում կյանքի վերելքներն ու վայրէջքները չեն կարող կոտրել ու շեղել իր ճանապարհից: Լավ տնտեսը, որպես կանոն, կյանքի փորձությունները վերածում է փորձառության և դրանով մեկ քայլ ավելի մոտենում կատարելությանը: