ՍՈւՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ - 21 Մարտ, երեքշաբթի, Մեծ պահքի ԻԳ օր
21-03-2017

38:2 «Այդ ո՞վ է, որ իր խորհուրդները թաքցնում է ինձնից, խօսքերը հաւաքելով իր սրտում՝ կարծում է, թէ ինձնից պահում է դրանք: 3 Տղամարդու պէս պնդացրո՛ւ մէջքդ. հարցեր եմ տալու քեզ, ու պատասխա՛ն տուր ինձ: 4 Որտե՞ղ էիր դու, երբ ես երկրի հիմքերն էի գցում: Ասա՛ ինձ, եթէ խելամիտ ես ու իմաստուն: 5 Ո՞վ է սահմանել դրա չափը, եթէ գիտես, կամ ո՞վ է լար գցել դրա վրայ: 6 Ինչի՞ վրայ է հաստատուել օղակը դրա, ո՞վ է դրել անկիւնաքարը դրա: 7 Երբ աստղերը ցիրուցան եղան, աստղերի բոլոր հրեշտակները մեծաձայն օրհնեցին ինձ, իմ բոլոր հրեշտակներն էլ գովեցին: 8 Ծովը փակեցի դարպասներով, երբ այն իր մօր որովայնից ծնուեց դուրս եկաւ: 9 Մէգը նրան իբրեւ հանդերձ սահմանեցի, մառախուղը՝ իբրեւ խանձարուր: 10 Սահմաններ դրեցի նրա համար՝ փականքներ ու դարպասներ, եւ ասացի. 11 “Կը գաս մինչեւ այդ վայրն ու այլեւս առաջ չես անցնի”. այդտեղ, քո մէջ կը խորտակուեն ալիքները քո: 12 Թէ քո՞ կողքին կարգեցի լոյսն առաւօտեան: 13 Արուսեակը տեսաւ իր համար սահմանուածը՝ հասնել երկրի թեւերի վրայ, թափ տալ ամբարիշտներին դրա վրայից: 14 Կամ թէ դո՞ւ ես, որ կաւն առնելով ստեղծեցիր կենդանի արարածին եւ, խօսուն, զետեղեցիր երկրի վրայ: 15 Մերժեցի՞ր լոյսն ամբարիշտներին, խորտակեցի՞ր բազուկներն ամբարտաւանների: 16 Հասա՞ր ծովի ակունքին, շրջեցի՞ր խորքերն անդունդների: 17 Քո առաջ ահով բացուելո՞ւ են դռները մահուան. դժոխքի դռնապանները սարսելո՞ւ են քեզ տեսնելով: 18 Վերահասու լինելո՞ւ ես երկնքի ներքոյ եղած տարածութեան. ասա՛ ինձ տեսնեմ՝ որքա՞ն է այն: 19 Ո՞րն է այն երկիրը, ուր լոյսն է օթեւանում, կամ ո՞րն է տեղը խաւարի: 20 Տանելո՞ւ ես ինձ նրա սահմաններին, եթէ գիտես ճանապարհները դրանց: 21 Գուցէ գիտե՞ս կամ ա՞յն ժամանակներում ես ծնուել. քո օրերը բազո՞ւմ են: 22 Գնացե՞լ ես շտեմարանները ձեան, կամ տեսե՞լ ես պահեստները կարկտի: 23 Կուտակե՞լ ես դրանցից՝ քո թշնամիների վրայ հասնելու, մարտի ու պատերազմի օրուայ համար: 24 Որտեղի՞ց է դուրս գալու եղեամը, կամ տարածուելու է հարաւային հողմը երկնքի ներքոյ: 25 Ո՞վ է պատրաստել սաստիկ անձրեւների հոսանքները 26 եւ ճանապարհներն ամպրոպների, որ տեղան երկրի վրայ, 27 ուր անմարդաբնակ անապատում ոչ ոք չկայ, որ յագեցնի անկոխ ու անշէն հողը, այնտեղ բխեցնի բոյսը դալար: 28 Ո՞վ է հայրն անձրեւի, եւ ո՞վ է, որ ծնունդ է տուել ցօղի շաղերին: 29 Ո՞ւմ արգանդից է դուրս գալիս սառոյցը, 30 եւ ո՞վ է երկնքում եղեամ ծնել, որ ջրի պէս հոսելով իջնում է. ո՞վ է հալեցնում երկնքի երեսը: 31 Վերահասու եղե՞լ ես Բազմաստեղեանի կարգին, բացե՞լ ես քօղը Հայկ համաստեղութեան: 32 Կամ Մազարոթը կարո՞ղ ես բացել իր ժամանակին, Գիշերավարն իր շառաւիղներով հանդերձ կարո՞ղ ես տանել նրանց հետ: 33 Կ՚իմանա՞ս երկնքի բարեշրջութիւնները կամ առհասարակ երկնքի ներքոյ տեղի ունեցածները: 34 Ձայնովդ կը կանչե՞ս մէգը. նա էլ, սարսուռով համակուած, ջրի յորդութեամբ կը լսի՞ քեզ: 35 Շանթեր կ՚արձակե՞ս, ու կը սլանա՞ն դրանք. եւ կ՚ասե՞ն քեզ՝ թէ ինչ է սա: 36 Ո՞վ է կանանց տուել ոստայնանկութեան հմտութիւն ու երփներանգ գործուածքներ ստեղծելու շնորհ: 37 Ո՞վ է հաշւում ամպերն իմաստութեամբ: Ո՞վ է խոնարհեցրել երկինքը երկրի վրայ, 38 հողը փոշու պէս թափել: Ես եմ կպցրել դա, ինչպէս խորանարդ քարերը՝ իրար: 39 Կերակուր կ՚որսա՞ս առիւծների համար, վիշապների մարմինը կը կշտացնե՞ս, երբ դրանք կուչ են եկած: 40 Սարսելու են իրենց խշտիներում ու դարանակալ նստելու մայրիների անտառում: 41 Ո՞վ է ագռաւների համար կեր պատրաստել, որ նրանց ձագերը ձայները Տիրոջն ուղղեն, մոլորուած՝ ուտելիք խնդրեն:

39:1 Գիտես քարայծների ծննդաբերութեան ժամանակը կամ լաւ հետե՞ւլ ես եղնիկների երկունքին: 2 Կարո՞ղ ես լրիւ թուել նրանց ծնելու ամիսները, կարո՞ղ ես մեղմացնել երկունքը նրանց: 3 Առանց երկիւղի կարո՞ղ ես կերակրել նրանց ձագերին, նրանց զերծ պահել երկունքի ցաւերից: 4 Ազատութիւն կ՚ունենան նրանց ձագերը, ծնելով՝ կը բազմանան, դուրս կը գան ու այլեւս չեն վերադառնայ: 5 Ո՞վ է վայրի էշին բաց թողել ազատ, ո՞վ է արձակել կապանքները նրա:

Հոբ 38:2-39:35