ԳԱԼՍՏՅԱՆ ԿԻՐԱԿԻ - Տ. Իսահակ վարդապետ Պողոսյան
02-04-2017

Մեծ պահքի վեցերորդ կիրակին կոչվում է «Գալստյան կիրակի»: Ինչպես վերտառությունն է ցույց տալիս,  կիրակիի խորհուրդը վերաբերում է Քրիստոսի առաջին գալստյանը՝ որպես Փրկիչ, ծառայի կերպարանքով, և ապա Տիրոջ Երկրորդ գալստյանը՝ այս անգամ արդեն որպես ահեղ Թագավոր:

Ինչպես նախկին հինգ կիրակիները, այդպես էլ վեցերորդ կիրակին նույն շղթայի մասն է և վեցօրյա արարչության կատարելատիպը:

Տիրոջ առաջին գալուստը շնորհի ու ողորմության համար էր, որը եղավ ծածուկ, հեզությամբ ու խոնարհությամբ, առանց թմբկահարումների, իսկ երկրորդը լինելու է արդարության ու տանջանքների համար, բացահայտ կերպով՝ Հոր փառքով, ինչպես Ավետարանն է պատգամում, լուսեղեն ամպով, հրեղեն կառքով, չորեքկերպյան աթոռով ու նա‘և բարկությամբ՝ ըստ այն խոսքի թե. «Մեր Աստվածը պիտի գա հայտնապես, և մեր Աստվածը պիտի չլռի, Նրա առջև հուր պիտի բորբոքվի, և Նրա շուրջը՝ սաստիկ մրրիկ» (Սաղմ. ԽԹ 3): Առաջին գալուստը մեղմ եղավ, ինչպես Եղիային մոտեցավ մեղմ օդի ձայնով (տե՜ս Գ Թագ. ԺԹ 12), իսկ երկրորդը լինելու է դատաստանի համար` խստաշունչ կերպով, որը լեռներ է քանդելու և վեմեր խորտակելու:

Տիրոջ Երկրորդ գալստյան օրը ծածկված է մարդկանցից. «Այն օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի. ո՜չ երկնքի հրեշտակները և ո՜չ էլ Որդին, այլ միայն Հայրը» (Մատթ. ԻԴ 36): Քրիստոսի առաջին գալստյան ժամանակը հայտնի էր Սուրբ գրվածքներից. «Երուսաղեմի շինվելուց մինչև առաջին օծումը կա յոթ յոթնյակ և վաթսուներկու յոթնյակ, որպեսզի վերաշինվեն հրապարակներն ու պարիսպները և նորոգվեն ժամանակները: Վաթսուներկու յոթնյակից հետո կվերանա օծումը, արդարություն չի լինի նրա մեջ» (Դան. Թ 25-26): Սակայն մարդիկ ծուլության պատճառով չկարողացան դա իմանալ՝ ըստ այս խոսքի. «Քո այցելության ժամանակը չճանաչեցիր» (Ղուկ. ԺԹ 44):

Երբ Քրիստոս եկավ, Նրան չուզեցին ընբռնել, չընդունեցին, այլ նախատեցին ու սպանեցին: Այս պատճառով Երկրորդ գալստյան ժամանակը թաքցվեց մարդկանցից, որպեսզի ինչպես գողը, հանկարծակի հասնի նրանց վրա:

Սակայն, մինչև Քրիստոսի Երկրորդ գալուստը, պիտի գա նեռը, թլփատվելով պիտի պահի Մովսեսի օրենքն ու խաբի մարդկանց՝ ասելով, թե ինքն է Քրիստոս, և հրեաները նրան պիտի հավատան: Իսկ ովքեր նրան չհավատան, նրանց տանջամահ պիտի անի: Ապա Քրիստոս Իր գալստյամբ սատկեցնելու է այդ գազանին:

Տիրոջ գալստյամբ պիտի բացվի երկինքը, լեռները պիտի սասանվեն ու հալվեն, ինչպես մոմը կրակից (տե՜ս Եսայի ԿԴ 1): «Արեգակը պիտի խավարի, և լուսինն իր լույսը պիտի չտա, և աստղերը երկնքից պիտի ընկնեն» (Մատթ. ԻԴ 29): Երկնքի զորությունները և անմահների բյուրավոր բանակները պիտի շարժվեն, քանզի Թագավորը շարժվեց, և մեծ պիտի լինի Նրա բարկությունը: Երկինքը շառաչյունով պիտի անցնի ու չքանա, հրով կիզված տարրերը պիտի լուծվեն, և երկիրն ու ամեն գործեր, որ կան նրա վրա, հայտնի պիտի դառնան (տե՜ս Բ Պետ. Գ 10): Իսկ Եսային ուղղակիորեն ասում է. «Երկինքը մագաղաթի պես պիտի գալարվի, և կլինեն նոր երկինք և նոր երկիր» (Եսայի ԼԴ 4): Ապա պիտի գան հրեղեն կառքերը, որոնց մեջ պիտի լինի Տերը (տե՜ս Սաղմ. ԿԷ 18): Նրա շուրջ լինելու են մրրիկ, որոտ ու երկնային զորքերի բարբառ: Նրա առջևից լափող կրակն է գնալու, իսկ ետևից՝ բորբոքված բոցը (տե՜ս Հովել Բ 3):

Ավետարանում ասվում է. «Որովհետև ինչպես փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է մինչև արևմուտք, Մարդու Որդու գալուստն այդպես կլինի» (Մատթ. ԻԴ 27): Ինչպես փայլակն է ահեղ զորությամբ հայտնվում, այդպես էլ մեր Տերը պիտի հայտնվի մեծ զորությամբ ու բազում փառքով: Ինչպես փայլակը որոտմամբ է հայտնվում, այդպես էլ Տերը պիտի գա փողի ձայնով, և ինչպես փայլակի լույսը հալածում է խավարը, այդպես էլ Տիրոջ լույսը պիտի հալածի մեղքերի խավարը: Ինչպես նախ փայլակն ենք տեսնում և ապա լսում նրա ձայնը, այդպես էլ Տիրոջ գալստյամբ՝ նախ խաչը պիտի երևա և ապա Տերը պիտի հայտնվի:

Նախքան Դատաստանը մեծ ու սաստիկ հուր է լինելու, այն սփռվելու է ամբողջ աշխարհի վրա, ջրերի նման տարածվելով՝ ծածկելու է լեռները, ինչպես եղավ ջրհեղեղի ժամանակ, և այրելով մաքրելու է ողջ աշխարհն աղտեղություններից՝ ըստ այս խոսքի. «Նրա առջևից հուր պիտի ընթանա՝ այրելով Իր շուրջ եղող թշնամիներին» (Սաղմ. ՂԶ 3):

Աթոռները պիտի դրվեն, և Հինավուրցն այնտեղ պիտի նստի (տե՜ս Դան. Է 9-10), Նրա առջևից հոսելու է կրակե հորդ մի գետ, և Նրան շրջապատելու են բյուրավոր հրեշտակներ: Հինավուրցն անսկիզբ Հայրն է, Ով հնացնում է օրերն ու ժամանակները: Նա պիտի նստի ատյանում, և պիտի բացվեն գրքերը, որտեղ աշխարհի մեղքերն են գրված:

Իսկ վերջին օրը, ողորմության գետի փոխարեն լինելու է արդարության հրեղեն գետը, որից դժոխքի լիճն է գոյանալու: Ապա երկնքի ամպերի միջից գալու է Մարդու Որդին (տե՜ս Դան. Է 13), Ում տրվելու են իշխանություն ու պատիվ, համաձայն այն խոսքի թե. «Սակայն Հայրը ոչ մեկին չի դատում, այլ ամեն դատաստան տվել է Իր Որդուն, որպեսզի ամենքը պատվեն Որդուն, ինչպես պատվում են Հորը» (Հովհ. Ե 22):

Երկրորդ գալստյամբ, ինչպես մեկնաբանում են եկեղեցու հայրերը, Քրիստոս նորոգելու է տիեզերքը և պսակելու Իր սրբերին: Նա պիտի ուղարկի Իր հրեշտակներին մեծ շեփորով՝  հավաքելու  ընտրյալներին աշխարհիչորս կողմերից (Մատթ. ԻԴ 31): Ննջածների հոգիները, Նրան նախընթաց լինելով, արծվի նման սլանալով, պիտի հասնեն իրենց մարմիններին և ապա պիտի վեր թռչեն դեպի ամպը՝ ընդառաջ գնալով Քրիստոսին:

Քրիստոսի գալստյամբ բոլոր մարդիկ փողի ձայնով դատաստանի են կանչվելու և հավաքվելու այնտեղ, ուր խաչվեց Տերը: Ապա Քրիստոս նստելու է ատյանում՝ հարցաքննելու յուրաքանչյուրին: Բացվելու են գրքերը, որից բացվելու են մեր աչքերը՝ ճանաչելու չարն ու բարին, և մենք պատասխան պիտի տանք մեր գործերի, խոսքերի ու խորհուրդների համար:

Համաձայն եկեղեցու ուղղափառ դավանության` Քրիստոսի Գալուստը դատաստանի համար երկու ձևով է իրականանում: Առաջինը՝  երբ գալիս է յուրաքանչյուր մարդու մահվան օրը՝ առանձնական դատաստանի համար, իսկ երկրորդը՝ երբ գալիս է վերջին օրը համընդհանուր դատաստանի համար: Առաջինի համար ասում է. «Իմ Հոր տան մեջ բազում օթևաններ կան. թե չէ Ես ձեզ կասեի, թե գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. և եթե գնամ և ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ կվերցնեմ Ինձ մոտ, որպեսզի ուր Ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք» (Հովհ. ԺԴ 2): Իսկ վերջին օրվա պարագայում, Քրիստոսի գալուստը նմանեցվում է փայլակի երևալուն. «Եվ ապա երկնքի վրա Մարդու Որդու նշանը պիտի երևա, և այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն և պիտի տեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զորությամբ և բազում փառքով» (Մատթ. ԻԴ 30):  Ինչպես այն ամպի սյունը, որը երբ հովանի էր լինում Իսրայելի որդիների վրա, խռովեցնում էր փարավոնի զորքին (տե՜ս Ելից ԺԴ 24), այդպես էլ Տիրոջ գալստյան օրն աջակողմյանները պիտի ասեն. «Օրհնյա՛լ է Նա, Ով գալիս է Տիրոջ անունով» (Մատթ. ԻԱ 9), իսկ ձախակողմյաններն ասելու են լեռներին. «Ընկե՜ք մեզ վրա, և բլուրներին, թե՝ ծածկեցե՜ք մեզ» (տե՜ս Ղուկ. ԻԳ 30), քանզի եկել է Տիրոջ բարկության օրը, և ո՞վ կարող է կանգնել Նրա առջև: Քրիստոսի աթոռը Բաբելոնի հնոցի նման է լինելու, որում երեք պատանիները, այսինքն՝ աջակողմյանները, Աստծուն են օրհնելու, իսկ կրակի բոցը, գետի նման ծավալվելով, այրելու է ձախակողմյաններին, այսինքն՝ մեղավորներին (տե՜ս Դան. Գ 24):

Տերունական Խաչը երևալով գնալու է ու կանգնելուԵրուսաղեմում, ուր Տերը խաչվեց, և բոլոր արարածները, Խաչին հետևելով, գնալու են Երուսաղեմ: Ապա հնչելու են փողերը, գալու են հրեշտակները և Խաչի առջև են ժողովելու Ադամի սերնդին: Գալու են սուրբ մարգարեները՝  հրեղեն կառքերով, ապա՝ առաքյալները և բաժանելու են հավատացյալներին անհավատներից, իսկ հրեշտակները պատրաստելու են մեղավորների տանջանքի տեղը:

Այս ամենը լավագույնս արտահայտված է եկեղեցու դավանաբանության մեջ`աղոթքներում, շարականներում, մեկնություններում: Գալստյան կիրակիի խորհուրդը գալիս է փաստելու, նախ` որ Տիրոջ կանխասացումները զուր չեն, և երկրորդ` որ մարգարեությունները տակավին չեն վերջացած, և Քրիստոսի երկրորդ Էջքով է, որ հասնելու են իրենց լրումին: Հետևապես սա ևս անգամ հիշեցում և նախապատրաստություն է մեզ Վերջին Դատսատանին, նոր երկնքին ու երկրին, նոր մարդկությանը: